semick
semick
չգիտեմ, չգիտեմ․․․
8 posts
նայի չկորես կապույտ քաոսիս մեջ․
Don't wanna be here? Send us removal request.
semick · 7 years ago
Text
Լույսը
<<Դռան թակոց>> Խավար էր: Չգիտեմ ում առաջ, Բայց Բացեցի տանս դուռը: Ներս եկար, <<Ճտ>> Վառեցիր տանս լույսը: Չսպասված հյուր՝ Անհրավեր, Անծանոթ: Դու եկար, Դուռս թակեցիր, Իսկ ես Ներս թողեցի, Առանց ճանաչել: Լույսը վառեցիր. Ինչպե՞ս, Ո՞վ էր ասել: Տունս լուսավոր Ինձ դուր եկավ: Վերջին մարդը, Որ մտել էր տունս, Գնալուց անջատել էր լույսը Ու ես Լույսի մասին Բոլորովին մոռացել էի, Ես սովորել էի մթությանն Ու մտքիս ծայրով էլ չէի անցկացնում Լույսը Նորից միացնել: Բայց դու եկար Ու լույսը վառեցիր. Ինչի՞ համար: Ինքդ էլ չգիտես: Դու՛ Չգիտես անգամ, Որ վառել ես տանս լույսը: Դու՛ Հիմա ապրում ես հետս Իմ տան մեջ Ու քանի դեռ տանն ես. Լույսը վառն է: Ես սիրեցի Մեր տան լույսը. Ինչու՞ ներս թողեցի քեզ Իմ Անծանոթ, Անհրավեր, Չսպասված հյուր: Տունս հետդ կիսեցի, Որ շուտով Գնաս Ու հետևիցդ տանս լույսը Նորից անջատես: Իսկ ո՞վ պիտի վառ պահի Տանս լույսը: Կմնա՞ս: Մի՛ գնա: Վառ թող տանս լույսը:
2 notes · View notes
semick · 7 years ago
Text
***
Գողը
Տանս դռան կողպեքը
Կոտրել է:
Գողը
Տանիցս
Ինձ
գողացել է
Ու շուկայում
Մի շիշ գինու դիմաց
Վաճառել
Իրեն:
Տանս դռան կողպեքը
Դեռ անսարք է:
Գողը դուռը կբացի
Ու կեղտոտ կոշիկներով
Նորից
Ներս կմտնի,
Բայց էլ տանելու բան
Չի գտնի,
Տանս սպիտակ պատերին
Եղած կտավները
Կպատռի.
Դրանք չեն վաճառվի:
Իսկ ես
Գողին
Էլ պետք չեմ
Ամենևին.
Գինու շիշը դատարկվել է:
Բայց
Գողը
Ինձ էլ
Հետ չի բերի:
Տունս
Կմնա
Դատարկ,
Ես
Էլ տանը չեմ լինի:
1 note · View note
semick · 8 years ago
Text
Քաղաքի ուրվականը կամ Մոռանալու մասին *հատված 6*
____
Արագ ու մեծ քայլերս հասցրին ազգային ժողովի շենքի մոտ: Պոկված մարգարտե վզնոցի պես ես նորից հավաքեցի համբերությունս ու նստեցի դարպասների մի կողմում եղած նստարանին: Ձյան խիտ շերտի մեջ ներծծված արևից միայն ծակող փայլքն էր հետք մնացել, որի մեջ ինչ-որ ջերմացնող բան կար: Սպիտակն ասես կուլ էր տվել մնացած գույները, ջնջոցով ջնջել ամենինչ, թողնելով միայն մաքուր սպիտակ ��ուղթը: Տեսախցիկիս պայուսակից հանեցի գունավոր ֆիլտրներն ու դիմացս պահելով սկսեցի շրջակայքը դրանց միջով աչքի անցկացնել. Կապույտ այգի, ծառեր, կարմիր փողոց, մեքենաներ, մարդիկ տատանվում էին մանուշակագույնից վարդագույնի միջակայքում:
-Չէ է, կարմիրը երկնքինն ա, կարմիրով պիտի վերև նայես, արևիս, - լսվեց մեջքիս ետևից:
- Նոո~
Արագ ոտքի ելա ու պինդ գրկեցի աղջկան:  
-Ոչ գլխարկ, ոչ ձեռնոց, ես քո ինչն եմ ասել, - շարունակելով փնթփնթացի ես:
-Սուս ու քայլի, - չարաճճիորեն ժպտաց Նոէլը, բռնեց ձեռքս ու առաջ ընկավ:
-Ինչ կար էսօր ժողովին:
-Էդ կարևոր չի, Նայթ: Հեղափոխությունը կայանալու է, արև, հասկանում ես?
-Ինչ ես խոսում:
-Հա, Նայթ, ես քեզ ասում էի, մենք կփոխենք: Այ հիմա ժամանակն է. Էս կառավարության վերջն էլ եկավ, մենք ենք գլուխ բարձրանում: Ամենինչ ստացվում է, հասկանում ես, ժողովուրդը հետներս է, մարդիկ սկսել են հավատալ, մեզ վստահում են: Մենք հաղթում ենք, Նայթ:
Մի պահ ուրախությունից ես քարացա, պատասխան չգտնելով ուղղակի գրկեցի աղջկան, ոտքերը գետնից կտրելով, պտտեցի օդում: Փոքր մատները նրբորեն բռնեցին վիզս ու ես նոր համբույր նվեր ստացա:
Քայլում էինք տուն, աղջիկը մեղմ ժպտում էր. էդ սիրուն էակն իմ հոգու գարունն էր, որ ամեն ժպիտի հետ նոր ջերմություն էր բերում:
Չնայած ամենինչին, մեր լավ տրամադրությանն ու ժպիտներին, անհանգիստ էի: “մի բան էն չի” անդադար պտտվում էր գլխումս: Ճանապարհի կեսն անցել էինք, Նոի քայլերը սկսեցին դանդաղել այնքան մինչև մի պահ աղջիկն ուղղակի ուժասպառ կանգ առավ ու դժվարանալով ոտքի վրա մնալ, ավելի պինդ բռնեց ձեռքս, ճակատը հենեց ուսիս:
-Ինչ պատահեց:
-Ես մրսում եմ, Նայթ, սաստիկ մրսում եմ:
Անհապաղ ես հանեցի բաճկոնս ու ուղղեցի աղջկան, բայց նա համառորեն հրաժարվեց, պնդելով, որ հետ հագնեմ:
-Ես հիմա մեքենա կկանչեմ:
-Չէ, Նայթ, չափազանց թույլ եմ զգում ինձ, արի նստենք:
Թարսի պես շրջակայքում ոչ մի նստարան չկար: Հանկարծ ես բռնեցի Նոէլի մի ձեռքն ու ափը դրեցի այտիս. տաք էր: Ավելի անհանգստացա ու զգացածս ստուգելու համար թեթև կռացա, այտս հպեցի աղջկա վզին:
-Աղջիկ, դու ջերմությունից վառվում ես, ախր:
-Հաա..
-Ինչի ես էսպես աշխատանքի գնացել էսօր, ինչի չես ասել, ես էլ հետդ կմնայի, կխնամեի քեզ:
-Էսօր կարևոր օր էր, չէի ��արող ներկա չգտնվել, - պատասխանեց Նոն, հետո մի պահ դադար տալով նորից շարունակեց,- մրսում եմ, ցուրտ է:
-Բան չմնաց, հասնում ենք:
-Չէ, սպասիր:
Աղջիկը չափից դուրս թույլ էր: Ես չգիտեի ինչ անել ու մի պահ ասես կորցրի ինձ, հետո նորից հավաքվելով շարունակեցի.
-Մոտ արի:
Նոէլը’ մի պահ չհասկանալով ինչ եմ ուզում անել, տեղում կանգնած մնաց: Ես հանեցի շարֆս, արձակեցի բաճկոնիս կոճակներն ու բռնեցի երկու կողմից:
-Դեե, ներս արի, - ծիծաղեցի ես:
Վերջապես աղջիկը մոտեցավ ինձ, բաճկոնիս մեջ մցրեց ձեռքերը թևերիս տակից ու մեջքիցս գրկելով, այտը սեղմեց պարանոցիս: Բաճկոնովս ես աղջկան ամբողջ մարմնով ավելի պինդ սեղմեցի ինձ, փակելով մեջքը.
-Ինձ հենվիր ու հանգիստ մնա:
Նոն փակեց աչքերն ու ծանր հոգոց հանեց. ամբողջ մարմնով դողում էր: Հպումից զգում էի, որ ջերմությունը բարձր էր:
Փողոցը հետներս թողել էր ճանապարհը, կանգ առել ու պլշած աչքերով հետևում էր երկուսիս. երևի ռոմանտիկ սիրահար զույգի տպավորություն էր ստեղծվել: Ափսոս, ռոմանտիկայի մասին անգամ միտք լինել չէր կարող, քանզի սիրունիս ցուրտը լրիվ տարել էր ու ես չափից դուրս անհանգստացած էի էդ փաստով:
-Էլ չեմ մրսում: Ես լավ եմ, նայթ,- հանգիստ ժպտաց Նոէլը, մոտ տաս րոպեյվա էս դադարից հետո պատրաստակամություն հայտնելով շարունակել ճանապարհը: Մեծ քայլերով մենք առաջ ընկանք:
Տուն մտնելուն պես Նոէլը փուլ եկավ բազմոցին ու փակեց աչքերը: Աղջիկն էնքան ծանր էր շնչում, ասես սենյակում օդ համարյա չէր մնացել. Կծկծված ու թուլացած անձայն պառկել էր, ինքը լավ էր… Ննջասենյակից ծածկոց բերեցի ու աղջկան ծածկելով թեթև համբուրեցի տաք ճակատը, հետո միանգամից անցա խոհանոց: Գազօջախին ջուր դրեցի, որ եռա, թեյի համար, ապա քացախով փոքր թրջոց պատրաստեցի ու դրեցի Նոէլի ճակատին: Աղջկան թրջոցի սառնությունը հավանաբար չափից դուրս տհաճ էր. ծանր արտաշնչեց ու մի կերպ շրջվելով պառկեց մի թևի վրա: Ես գազօջախից վերցրի եռացող ջրով թեյնիկը, կես կիտրոն գտա սառնարանից ու թեյ պատրաստեցի: Բաժակը Նոէլի դիմաց սեղանին թողնելով, ես մատներիս ծայրերով կամաց կպա աղջկա ուսին, մյուս ձեռքով նրան ուղղելով ջերմաչափը.
3րոպե պահիր թևիդ տակ: Հանելուց հետո չմոռանաս թեյդ, մի թող շատ սառչի: Ես տանից դուրս եմ գալիս, 5րոպեից տանը կլինեմ, բան ուզես, զանգիր:
“Ըհը” լսվեց ցածրաձայն պատասխանը:
Բաճկոնս վրաս գցելով արագ դուրս թռա տանից: Բախտներս բերել էր, էնպիսի տեղում էինք ապրում, որ մոտակայքում անհրաժեշտ ամեն ինչ կար, էդ թվում նաև մթերային շուկա: Առանց երկար տնտղելու, մտա առաջին իսկ տաղավարն ու բծախնդրորեն ընտրեցի արկղերում եղած ամենալավ ադամաթուզերը, թուրինջները, սերկևիլներն ու նռները, ամենքից հինգ վեց հատ:
Դուռը մի ձեռքով բացելով ներս մտա ու ձեռքիս կապոցները դրեցի գետնին, կռացա, որ կոշիկներս հանեմ, երբ դիմացս նկատեցի Նեոյին. մի թաթը վեր էր պարզել դեպի ինձ ու ցածր մլավում էր:
Ինչ է պատահել փոքրիկ:
Մի ուրիշ մլավոցով կատուն գլուխը թեքեց Նոէլի ուղղությամբ: Նոին էր ցույց տալիս, ուզում էր, որ գնամ մոտը:
-Արի, արի, - կատվի գլուխը թեթև շոյելով ասացի ես ու մեծ քայլերով անցա հյուրասենյակ:
Սեղանին թողած թեյի բաժակն արդեն կիսով չափ դատարկ էր, բաժակից ոչ շատ հեռու, սեղանի ծայրին ջերմաչափն էր. Ցուցիչը’ 39.9:
-Ջերմությունդ չափելու ընթացքում ես խմել թեյը:
-Չէ:
-Էհ, լավ չի։ Գլխացավ ունես։
-Հա, Նայթ, գլուխս պտտվում է։
Մի բաժակ ջուր ու ջերմիջեցնող դեղահաբ բերելով, մեկնեցի աղջկան․
-Խմիր էս սիրունս, կքնես ու ամենինչ կանցնի։
Զարմանալիորեն Նոն առանց առարկությունների արեց ասածս, ապա դժվարությամբ նստեց, նայեց դեմքիս․
-Մնա մոտս։
Ես արագ նստեցի աղջկա կողքին ու հաջորդ րոպեին նա գլուխը ոտքերիս դնելով, նորից պառկեց։ Ես, իհարկե, գիտեի ինչ էր ուզում․ մատներս դանդաղ սահեցրի մազերի միջով, շոյելով սիրուն գլուխն ու փոքր համբույր տվեցի անսովոր տաք շուրթերին. գուցե էդ համբույրն էր որ պիտի ինձ փոխանցեր սիրունիս ցավագին ջերմությունն ու ազատեր դողերոցքիս, իսկ ես, մեկ է, միշտ եմ հիվանդ…
1 note · View note
semick · 8 years ago
Text
Քաղաքի ուրվականը կամ Մոռանալու մասին *հատված 5*
_____
Արթնանալով նայեցի սենյակիս պատուհանին. շաբաթ առավոտը մռայլ էր: Լվացվեցի, զգացի որ ոչ մի ցանկություն չունեմ նախաճաշելու ու փռվեցի սև բազմոցիս. հայացքս դիպավ փոքր գրադարակիս ամենավերևի հարկում դրված կակտուսին.
Մի բաժակ ջուր կտա՞ս ինձ։
Հիմա:
Ջրելու ժամանակն է: Ձմռան ամիսներին կակտուսները քնի են անցնում ու ամիսը մեկ ջրելը լրիվ բավական է: Ջրել պետք է տաք ջրով: Իմ կանաչ դիմացկուն բարեկամին ես չափից շատ եմ սիրում ու հետևողական եմ նրա նկատմամբ, խնամում եմ ինչպես հարկն է, երբեք չեմ մոռանում ու չեմ անտեսում: Քեյթն (կակտուսիս անունն է) արդեն չորս տարի վստահելի զրուցակից ու անդավաճան ընկեր է ինձ, որ հետս է ամեն օր: Հաճախ մենք երկար-բարակ զրուցում ենք տարբեր բաներից․ Կեյտը երբեք չի ընդհատում, լսում է ուշադիր ու միշտ հասկանում ինձ։ Ես էլ իմ հերթին չեմ մերժում նրա ոչ մի խնդրանքը, աշխատում հետևել տված խորհուրդներին ու հորդորներին։
Շրջվիր դեպի արևը, լույսդ գտիր:
Ափսոս միայն ես չգիտեմ, չեմ հասկանում ինչպես:
Մտածում էի:
Հաճախ ես վերլուծում եմ ապրածս ու ամեն անգամ հանգում էն մտքին, որ ամեն բան միանգամյա է. բաժակները, ափսեները, գիշերները, մարդիկ…
Չկա ոչ մի բան, որ չի արժեզրկվում, չի կորցնում իմաստը:
Ու էս հրեշավոր եզրակացությանը հասնելով ես արդեն վաղուց ոչ ապրելու բան ունեմ, ոչ մեռնելու: Թերևս ամեամեծ պատիժն էլ երևի հենց էս է: Բայց երբ, ինչու արժանացա նման դաժան պատժի...
...Կյանքի մեջ ընդհանրապես իմաստ չկա ու հավանաբար այն փնտրելն ամենամեծ սխալն է, որ մարդ երբևէ գործում է:
Ժամը քանիսն է: Շփոթվելով նայեցի ձեռքիս ժամացույցին.
Ահ, չէ որ չի աշխատում, գրողի տարածն էլի կանգնած է:
Ինչպես և կյանքդ:
Հա...
Սիրելի ժամացույցս, որ տարիներ շարունակ կրում եմ ու գրեթե չեմ հանում ձեռքիցս, վաղուց կանգնել է: Քանի ժամագործի եմ դիմել ու քանի մարտկոց եմ փոխել, բայց ոչինչ սլաքների մեջ ժամանակը կյանքի հետ չբերեց:
Ասում են ձեռքից երկար ժամանակ չհանած ժամացույցը կանգնում է տիրոջ մահվան հետ: Գուցե անցած պայծառ օրերից մեկին ես մեռել եմ կամ կլինիկական մահ եմ տանում ու ժամանակը կանգնել է. համառորեն սպասում է սրտիս նոր զարկերին: Բայց սիրտս դեռ լռում է…
Ամեն օր նույն վազքը, նույն վայրերը, նույն դեմքերը: Ոչ մի փոփոխություն չի փրկում, ոչինչ այլևս չի փոխ��ում: Ժամանակի հետ ամեն բան նույնն է դառնում:
Ես ուրվական եմ ու ժամանակի արանքում կանգնած անվերջ հետևում եմ մեռած ինձ. մեռած եսս, չսպառած բայց սպառված, իր աշխարհին ոչ տալու բան ունի, ոչ վերցնելու ու լուռ կյանք է խաղում իր թատրոնում, որի հասցեն ինքն էլ չգիտի:
Ամեն օր ես փորձում եմ հիշել ինչի համար եմ ապրում, ուր եմ գնում, ինչի համար եմ սովորում, աշխատում, ինչու եմ շարունակում գրել: Որ ապրեմ թե չմեռնեմ: Սակայն թե կյանքը թե մահը էնքան անիմաստ ծայրահեղ բևեռներ են, որ ընտրությունից հրաժարվելով ես ասես մնացել եմ էդ երկուսի արանքում ու գոյություն ապահովում միայն վայրի կենդանու պես, շարունակ անտառի մի ծայրից մյուսը քարշ գալով:
Ոնց կներվի էն գրողը որ միտք չունի, համր ու անլեզու է, խոսք չունի… Անիմաստ հոդվածներ, ինչ-որ կարճ պատմվածքներ ու վիպակներ, որոնց արժեքը մեր օրերում որոշվում է տպագրվող ու վաճառվող լինելու աստիճանով միայն: Մարդիկ սիրում են կարդալ դրանք փայլապատ ու գունավոր, գրավիչ ու վառ ժամանակակից տարատեսակ գովազդների մեջ թաթախված ամսագրերի, հանդեսների ու կայքերի էջերում: Մարդիկ կարդում են, հա, կարդ��ցողներ կան միշտ, բայց ինչ են ստանում կամ վերցնում կարդացածից: Դատարկություն, որովհետև վերցնելու կամ ստանալու ոչինչ չկա այլևս ամենևին: Կարդում են ժամանցի, ժամանակ սպանելու համար, փորձելով մի կերպ լցնել կյանքները, հեռուստացույցից ու ռադիոյից հոգնած: Մարդիկ թերթում են թղթի կամ էլեկտրոնային էջերը նույն կերպ ինչպես հեռուստացույցով օճառային օպերա դարձած իմաստազուրկ ֆիլմեր են դիտում տարիներով, ինչպես սոցցանցերում անվերջ վեր ու վար են անում մի նոր բամբասանք ու անպետք նկար գտնելու հույսով: Մարդիկ էլ չեն կարդում իրականում, մարդիկ սպառում են միայն: Սպառում’ շուկայի ապրանքի պես:
...
Նորից վեր կացա տեղիցս: Հավաքեցի բնակարանիս տարբեր անկյուններում շարած ամսագրերն ու թերթերը, կապոցներ սարքեցի, ապա առանց բաճկոնս հագնելու շալակեցի ծանր կապոցներն ու դուրս եկա տանից: Շենքի ետևում համեմատաբար քիչ ձնածածկով չոր տեղ գտնելով կապոցները շպրտեցի ասֆալտին, գրպանիցս հանեցի սև քրիքեթս (կրակայրիչ) ու մատի մի շարժումով կրակի տվեցի ամբողջը:
Կրակը թեթև քամուց նոր ուժ հավաքելով ճայճայտում ու ագահորեն կուլ էր տալիս մրոտած էջերն առանց կշտանալու: Սպիտակի մեջ մի կտոր սևի վրա բարձրացող տաք կարմիրը ծխում էր, ծակում աչքերս, այրում ու ճնշելով ստիպում հեռանալ: Չըմբոստացա:
Մտա տուն: Մի կողմ քաշեցի լույսի մուտքն արգելակող հաստ ու մուգ վարագույրները ու բացեցի տանս միակ պատուհանը: Կեսօրի ամենալուսավոր ժամերից էր: Հանեցի հագուստս ու բարձր երաժշտություն միացրի: Թաթերի վրա բարձրացած սկսեցի օրորվելով ու պարելով մերկ պտտվել տան մեջ: Ձմռան չոր ցուրտը աննկատ ներս մտավ սենյակ ու նրբորեն պարուրեց մարմինս: Մի պահ ես կանգ առա, խորը շունչ քաշելով պառկեցի սառը հատակին ու վառեցի ծխախոտի գլանակը (Կեյտի աչքից հեռու, չի սիրում, որ տանը ծխում եմ): Մի անգամ ներս քաշելուց հետո, ձեռքս վեր պարզելով սկսեցի պտտել գլանակն օդի մեջ: Մոխրագույն մետաքսի ծուխը ծանր գլորվում էր վառ սպիտակ լույսի շիթերի մեջ: Պատուհանից թեթև ձյուն էր մաղում: Անսեր լույսը հազիվ մի բաց տուն գտած շտապում էր արագ ներս մտնել, ասես մի բանից փախչող մահու չափ վախեցած մեկը: Շտապում էր նետվել ներս, գտնել ու կարոտած գրկել մարմինս: Ես զգում էի ոնց էին թեթև քամին ու ծանր լույսը դանդաղ ծակում, անցնում մարմինս առանց որևէ առանձնակի դժվարության, ինչպես թափանցիկ ապակին: Անհոգի մարմինս, որ անվերջ ձգտում էր հողին ու կանաչին, լույսից կամաց-կամաց վերանում էր: Այն անտեսանելի էր դառնում, անէանում սպիտակ պատերիս ապրեցրած վառ սպիտակի մեջ: Ես փոշիանում էի, ձուլվելով օդում ազատ պտտվող ծխին, խառնվում ձյան թեթև փաթիլներին ու ճանապարհ բռնում դեպի նոր անվերջություն: Բայց արդյոք ամեն բան իր վերջը չունի. ձյան փաթիլներն էլ վերջում մի տեղ կնստեն, կհալչեն, կվերանան… Իսկ իմ փոշին կթափառի բաց տիեզերքում ու կշրջի անօդ գալակտիկաներով, նորերի սկիզբ կդառնա, կպտտվի շարունակ: Ինքնասպանություն, Փրկություն:
Քանի դեռ շուտ է:
“կրակոց”:
Չէ, վերջ չկա, չկա մահ ու դրան ձգտելը ևս կատարելապես անիմաստ է:
0 notes
semick · 8 years ago
Text
Քաղաքի ուրվականը կամ Մոռանալու մասին *հատված 4*
...
Հասա տուն: Նոր հոդվածս ավարտեցի, ուղղարկեցի խմբագրություն: Աշխատավարձս նստել է հաշվիս: Նորից գլխացավ ունեմ, մի քիչ պառկեմ:
Երեկոյան յոթն է լինում: Ուրբաթ:
Վեր կացա, ձեռքով ուղղեցի մազերս ու բաճկոնս հագնելով շուտափույթ դուրս եկա տանից: Մինչև խցանումների մեջ տեղ հասնեմ, կլինի ութը:
Սիրում եմ քաղաքի կենտրոնն ու էնտեղի շարժը, բայց երեկոյան ժամերին առաջացած համարյա անանցանելի խցանումները կրկնակի երկարեցնում են ճանապարհները:
Քաղաքի ամենախարիզմատիկ բարի բարմենն ինձ դեմքով ճանաչում է: Բարի ուրբաթների անդավաճան հաճախորդը, կախված օրվա երաժշտությունից, միշտ կամ վիսկի կամ մարտինի է վերցնում:
Մարտինի կխմեի, եթե ջազզ, սոուլ հնչեր, բայց էս ուրբաթ էլեկտրոյի օր է. վիսկի:
Ընդհանրապես, շատ ոչ խմում եմ, ոչ էլ ծխում (վրաս չեն էլ ազդում, չեմ արբում, առավելագույնը հավասարակշռության թեթև կորուստ ունենամ) և ոչ մեկից կախվածություն չունեմ: Այդ փաստն ինձ դուր է գալիս, քանզի ամեն կերպ ձգտում եմ կառավարել սեփական կյանքս ու չեմ ուզում կախված լինել որևէ բանից, ինչպես մարդկանցից, այնպես էլ հատկապես ինչ-որ խոտից կամ խմիչքից: Բայց սովորաբար ամեն ուրբաթ “քամելի” տուփումս գլանակները զգալիորեն պակասում են, լրացնելու մի քանի բաժակ (մինչև մի շիշ) ալկոհոլին:
Բարի մի անկյունում մենակ նստած 3րդ բաժակ վիսկին ներս արեցի, մոխրամանի մեջ ճմռեցի ծխախոտի գլանակից մնացած մասը (հաշիվը կորցրեցի որերորդ գլանակի): Առաջացած թեթև գլխապտույտի արդյունքում սկսեցի ինձ “օդերով” զգալ: Սա թերևս ծխախոտի ու ալկոհոլի վրաս թողած միակ ազդեցությունն է լինում, երբ ծանր գոյությունս բառիս բուն իմաստով թվացյալ թեթև է դառնում: Հանգցրածս վերջին դեղին “քամելի” ծուխից աչքերս արցունքոտեցին, պինդ փակեցի կոպերս ու սկսեցի մատներով տրորել: Նորից բացելով աչքերս ձեռքս վերցրի վիսկիի գրեթե դատարկ ապակե գավաթս ու միջով նայեցի ինձնից մի քանի աթոռ հեռու նստած մեկի: Ժամանակ առ ժամանակ էդ մեկն աչքի էր անցկացնում ինձ ու ոտքից գլուխ զննում, հետո նորից արագ փախցնում հայացքն աչքիցս վրիպելու համար, կու�� անում իր գավաթի մարտինիից: Ես, իհարկե, ձևացնում էի, թե չեմ նկատում, բայց ցավոք, թե բարեբախտաբար իմ աչքից բան չի վրիպում:
Մի պահ ձանձրացա. բարմենին խնդրեցի անծանոթիս (այսուհետ էսպես կկոչեմ) կես բաժակ իմ “Ջեքից” հյուրասիրել: Բարմենը գավաթը սահեցրեց դեպի նրան, ես արմունկս սեղանին հենելով ափիս մեջ առա դունչս ու մի հանգիստ հայացք ուղղեցի անծանոթիս: Ոչնչից չզարմացած նա վերցրեց գավաթը, մի պահ նորից ինձ նայելով թեթև ժպտաց ու մոտենալով նստեց անմիջապես կողքիս աթոռին.
-Կենաց ունե՞ս:
-Չապրած օրերի կենացը:
Սիրուն էր: Իրար ծխախոտներով հյուրասիրվելով մենք զրուցում էինք ու արդեն ծանոթ անծանոթս, որ պարզվեց գրող էր, հանգիստ տոնով ու սիրուն խոսքերով պատմում էր կյանքի, օդում թողած մեր օրերի մասին: Ականջ շոյող նրա հաճելի ձայնը երգի պես պտտվում էր գլխումս ու ես լուռ լսելով հանդարտ նայում էի զրուցակցիս դեմքին, ուսումնասիրում դիմագծերը: Անծանոթիս անտարբեր սառնությունն ու հանգստությունը մոտ, համարյա հարազատ էին ինձ և խմիչքի ամեն բաժակի հետ մեր զրույցն ավելի ազատ էր դառնում:
Պարում էինք: Նեոնային, լեդ լույսերի ճառագայթները պտտվում էին սենյակում և կարմիրը, կապույտն ու վառ սպիտակը ծակում, անցնում էին մեր մարմինների միջով, ինչպես թափանցիկ ապակին: Ամենքս մի շիշ ու մի տուփ մեր կործանարար դեղերից էինք ընդունել ու արդեն հաճելիորեն շատ քիչ բան էինք կարգին զգում կամ հասկանում: Գլխապտույտի մեջ կորել էր տարածության զգացումը. բարձր երաժշտությունից օդը տատանվում էր, իսկ հատակը, պատերն ու առաստաղը լույսերի մեջ ասես ծովի ալիքների պես փախչում էին ոտքերի տակից, հետո երկնաքերի նման նորից կտրուկ փուլ գալիս գլխներիս:
Սպառված էինք, նստեցինք: Արդեն ուշ էր. անծանոթս գլուխը հենել էր ուսիս ու միացել լռությանս: Վերջապես ոտքի կանգնեցի ու որոշեցի լքել բարը:
Նկուղային հարկի աստիճաններով վեր բարձրաձանք, դուրս եկանք շենքից ու կանգնեցինք մայթին. ցուրտ էր, սառը քամին քերում էր մեր դեմքերի մաշկը:
-Քո տու՞ն:
-Գրո՜ղը տանի, հաստատ ո՜չ իմ տուն, - ինչ-որ անհասկանալի վրդովմունքով ես գրեթե բղավեցի:
...
Սկսեցի անծանոթիս վերնաշապիկի կոճակներն արձակել: Հագիցս հանեց սև շապիկս ու փարվելով մերկ մարմնիս, համբուրեց շուրթերս: Տապալվեցինք մահճակալի վրա:
… Հևոց, ծանր հևոց, ուրիշը, մի հատ էլ...
Մի կողմ անցնելով ուժասպառ փռվեցի անկողնու մեջ: Գործից լավ գլուխ է հանում: Շունչը տեղը բերելով անծանոթս շրջվեց դեմքով դեպի ինձ, մի ձեռքով պարուրեց որովայնս ու թեթև ժպտալով փակեց աչքերը:
...Արդեն քնել էր:
Սպիտակ անկողնում պառկած ես նայում էի խորը քնի անցած իմ անծանոթին, շոյում մազերն ու մատներս նրբորեն սահեցնում ճակատից մինչև որովայնը, ոնց մատիտը թղթին հազիվ կպցնելով թույլ ու բարակ գիծ կգծեին:
Սև թավշյա մազեր, բարձր հոնքեր, երկար ու խիտ թարթիչներ, ուղիղ փոքր քիթ, փափուկ շուրթեր, հարթ մաշկ… նուրբ, հետաքրքիր դիմագծեր ու գեղեցիկ մարմին: Սիրուն մարդ էր:
Մի քանի ժամ շարունակ անշարժ պառկած ես աչքս չէի կտրում միանգամյա իմ սիրեցյալից, ուշադիր լսում էի նրա կանոնավոր հանգիստ շնչառությունն ու լռում, լռում…
Լավ գիշեր էր, չնայած էդպես էլ չկարողացա քնել:
Գիշերվա վեցի կողմերն էր, դանդաղ, անձայն վեր կացա տեղիցս, որ չարթնացնեմ անծանոթիս, արագ հագնվեցի, գրպանիցս հանեցի  նոթատետրս ու գրիչս, մի թերթ միջից պատռելով վրան մի քանի բառ շարեցի.
“Հաճելի էր հետդ, կզանգեմ”:
-Տեսնես ոնց, որ հեռախոսահամարն էլ չես վերցրել:
-Պետք էլ չի: Ինքն էլ չի հավատա երևի:
Ձևական հաղորդագրությունս պառկածս բարձին թողնելով լքեցի տունը:
Մենությունս տանը երկար մենակ մնալ չի սիրում, խանդում է, երբ առանց իրեն տեղ եմ գնում:
0 notes
semick · 8 years ago
Text
Քաղաքի ուրվականը կամ Մոռանալու մասին *հատված 3*
․․․
Մի տեսակ սոված եմ: Ի՞նչ ուտել:
Ընդհանրապես եփել-թափելու հետ հեչ սեր չունեմ: Ուտում եմ էն ամենն ինչ արագ է պատրաստվում կամ կարելի է արդեն իսկ պատրաստի գնել, մեկ էլ մրգեր ու բանջարեղեն: Մի խոսքով տեսականիս հարուստ չէ. Ձվածեղ, խաշած միս, ձվածեղ, էլի ձվածեղ, զզվում եմ ձվից, տապակած կարտոֆիլ, խաշած ձու, տապակած միս, ուրիշ միս, կիսախաշած ձու, վա՜յ ոլոռ, մակարոնեղեն, մի խոսքով ձվածեղ: Օրեր են լինում մի քանի վարունգ, լոլիկով անց եմ կացնում, իսկ որ հետն էլ սառնարանում պանիր կամ կանաչեղեն եմ գտնում, էդ օրն արքայավայել ապրվում է: Երշիկից զզվում եմ, ինչպես և մյուս անբնական, արհեստական ու կոնսերվացված աղբի տեսականու զգալի մասից: Գումա՞ր, գումար ունեմ բավականաչափ, աղքատությունից չեմ բողոքում, պարզապես տուն մտնելուց հետո որևէ ուտելու բան գնելու նպատակով նորից դուրս գալու համար երբեք մոտիվացիա չունեմ: Ամեն դեպքում պատահում է, երբ օրը բարի է լինում ու մորս հրաշագործությունները հիշելով մեկի տեղը մի քանի ախորժելի ուտեստներ եմ պատրաստում և վայելում մի բաժակ գինու ու սպիտակ պատերիս ընկերակցությամբ: Բայց այդ հազվադեպ: Այսօրն էլ սովորականից չի տարբերվում. ձվածե՞ղ:
․․․
Էս կեղտոտ սպասքը ո՞նց է էսքան արագ հավաքվում, հաց չկերած արդեն մաքուր ափսե չկա: Հիմա հասկանում եմ մորս:
Ճաշեցի:
- Ի՞նչ կա անելու: Սպասքը լվացի, չորացրի ու ��եղը դրեցի, տունը մաքուր է ու կարգին:
- Հետաքրքիր է, էստեղ ի՞նչը պիտի կարգին չլիներ:
- Հա՛հ, իրոք որ, հավաքելու, կարգի բերելու բան չի առաջանում:
Ես հասարակ մարդ եմ, շատ բան չեմ սիրում, բնակարանումս ունեմ միայն փոքր սև բազմոց, քառակուսի մետաղական սև սեղան, մահճակալ ու զգեստապահարան (խոհանոցի և լոգարանի էն պարտադիր զրթուզիբիլները չհաշված): Մեկ էլ մահճակալիս կողքին փոքր գրադարակ ունեմ, ուր դնում եմ ամենապետքական ձեռնարկներն ու աշխատությունները համալսարանի դասերիս համար, գրադարանից վերցրած, մի քանի շաբաթը մեկ պարբերաբար փոխվող գրքերս ու մի տուփ դեղին «քամել»: Ու հա՛, ինձ էս եղածը լրիվ բավարար է:
- Հա՛, ճիշտ արեցիր նշելով թե ինչ ունես, թե չէ, չունեցածները սկսեիր թվարկել էսօր չէիր վերջացնի: Գոնե հեռուստացույց գնի՛ր:
- Ինչի՞ս է պետք, մեկ է չեմ նայելու: Չե՞ս հասկանում, ես սիրում եմ ազատ տարածություն ու զզվում եմ, երբ այդ ազատ տարածությունը անիմաստ զբաղեցնում են:
 _____
Համալսարանից դուրս եկա: Ալլենը մի մայթ հետևիցս վազելով ու վազքին համընթաց անունս գոռալով վերջապես հասավ.
- Ա՜խ, չե՞ս կարող մի քիչ դանդաղ քայլել, ու՞ր ես շտապում... Մի խոսքով, մոռացել էի ասել, էսօր երեկոյան մերոնցից մեկը չեմ հիշում ինչ առիթով մեծ խնջույք է կազմակերպում, կգա՞ս:
- Է՞ս ասելու համար էիր շնչակտուր վազում հետևիցս,- ծիծաղեցի, - կարող էիր գրել:
- Դե հիմա: Հը՞ն, գալու՞ ես:
- Չէ-է՜հ, ընկե՛րս, ո՛չ մեծ հավաքներ եմ սիրում, ո՛չ էլ որևէ տեսակի խնջույքներ: Հավեսով կպարես ու կխմես էս երեկո, բարի ժամանց քեզ:
- Չես փոխվում էլի: Լավ, ի՞նչ արած, ապրե՛ս:
․․․
Քայլեցի մինչև մետրո: Ճանապարհին ուշադիր հետևում էի փողոցի մյուս անցորդներին: Ցրտից կծկված մարդիկ ամենքը մի տեղ էին շտապում, գլուխները բաճկոնի օձիգների ու շարֆերի մեջ խցկած: Սառը սպիտակի մեջ մարդկանց աչքերը փայլում էին:
Փայլող աչքերով մարդիկ փորձում էին կոտրել ծանրացած ցուրտը ժպիտներով ու գրկախառնություններով: Մայրերը սիրառատ ափերը կիսում էին իրենց մանուկների հետ, ժպիտ տալիս ու խոստանում շուտ տուն հասնել, երիտասարդները՝ ձեռքերը գրպանները խոթած արագ քայլերով շտապում էին հասնել մյուս մայթին, կողքի շենքի մոտ կամ վերևի կանգառում կանգնած իրենց սիրելիներին, հասնել ու գրկել, գրկել ու ջերմացնել իրար:
Ես թվում էր անտեսանելի էի դարձել ու ոչ ոք ամենևին չէր նկատում ինձ: Դանդաղ քայլում էի հետևելով մարդկանց, հաճախ կանգ առնում ու ֆոտոխցիկս գործի դնելով մի քիչ ջերմություն ֆիքսում տարբեր անծանոթներից: Ես սիրում էի էդ անծանոթներին, սիրում էի անկեղծ ու ջերմանում ինձ անհաս նրանց ժպիտներով, իրար մեջ կիսած սիրով ու էն ցուրտը, որ վաղուց հաս��ատվել, կարծրացել էր հոգումս մի պահ նորից ցրվում էր, վերանում:
Միշտ մտածում եմ, որ էս ցուրտը միայն ի՛մ հոգում չի նստել իրականում: Իմ քաղաքում արդեն քանի տարի շարունակ ձմեռ է: Գարունները, ամառներն ու աշունները նեղացել են կամակոր աղջկա նման ու լքել քաղաքս: Բոլորն էլ մրսել ու սառել են ինձ պես, ոմանք՝ շատ, մյուսներն՝ ավելի քիչ: Տաք տներից ու բաճկոններից դուրս էլ ջերմություն չի մնացել, սեր չի մնացել:  Ձմեռվա էս դաժան թվացող անդավաճան ցուրտը վաղուց հաջողել է որոշ չափով սառեցնել մարդկային միամիտ հոգիները, բթացրել սրտերի զգայականությունը:
Բայց գուցե լավն էլ հենց այս է:
Արև համարյա չկա, դրա թվացյալ, զզվելի ու կեղծավոր ջերմությունն էս ցուրտ ձմեռների մեջ էլ ի զորու չէ խաբել, մոլորոցնել որևէ մեկի: Անպետք արևն էլ ուժ չունի վառելու, խեղելու իրականը, սուտ լույս ու հույս տալու, նորից թևաթափ անելու իմ մարդկանց:
Հիմա մարդիկ ավելի անփոփոխ, խաղաղ ու երևի հետն էլ երջանիկ են դարձել: Շատերը դրսի չցրվող ցուրտը զգալով, իրենց տներում վերջապես գտել են էն երանելի ջերմությունն ու սովորել արժևորել, պահպանել այն: Մարդիկ սովորել են սիրել նորովի, ջերմացնել իրար եղածով, ապրել ցրտի մեջ:
Ես էլ իմ մարդկանց հանդեպ տածած տարածական սիրով եմ ապրում ու ջերմանում: Բայց ինչ-որ անանուն վիշտ անպատճառ միշտ ներսից առնետի պես կրծում է հոգիս, ինչ-որ աներես վախ ինձ ստիպում է հեռու մնալ իմ մար��կանցից, լինել մենակ, ապրել ուրվականի պես՝ բոլորից մեկուսացած, սիրել հեռվից, անհասկանալի թախիծով ու կարոտով:
․․․
Մետրոյում էլ մի քանի սիրուն կադր արեցի ու գործիցս գոհ լուռ դուրս եկա:
Մայթով քայլում էի մետրոյի մեր կայանից դեպի իմ շենք: Կեսօրի ուղիղ, վառ սպիտակ լույսի շողերի տակ ուշադիր հետևում էի սեփական ստվերիս, որ մեծ, անփույթ քայլերով առաջ էր շարժվում: Փողոցի անցմանը չհասած ստվերս անջատվեց ինձնից, փոխեց ուղղությունն ու գնաց ուրիշ ճանապարհով, հեռացավ ինձնից: Նորից:
Ըստ շատ ժողովուրդների այնտեղ, որտեղ ստվերը համարվում է մարդու կյանքի հետ սերտացած, նրա կորուստը իր ետևից բերում է հիվանդություն կամ մահ:
Գուցե ես հիվանդացել եմ ու ամեն օր ավելի ու ավելի եմ թուլանում… Գուցե ես մեռնում եմ ամեն օր:
Ատում եմ արևը, այն ստիպում է ստվերիս հեռանալ ինձնից: Ինձ լքում է միակ բանը, որ ունեմ:
0 notes
semick · 8 years ago
Text
Քաղաքի ուրվականը կամ Մոռանալու մասին *հատված 2*
______
Աչքերս բացեցի: Կիսափռված եմ տանս բազմոցին՝ բաճկոնով: Ինչպես եմ քնի անցել ու ինչի եմ արթնանում բաճկոնը հագիս, չեմ հիշում: Երևի նստած աչքս կպել է, շուտով մրսել եմ, նորից արթնացել ու ալարելով գնա�� ծածկոց բերել, բաճկոնս եմ հագել:
- Քեզնից միանգամայն սպասելի է:
- Չեմ հերքի:
Ինչևէ, հազիվ մի օր քիչ թե շատ շուտ եմ արթնացել, գոնե չեմ ուշանա դասից: Գնամ, լվացվեմ:
Սխալմամբ տաքի փոխարեն սառը ջուրը բացեցի: Ջրի շիթը ժապավենի պես կախվեց ծորակից: Կարգին արթնանալու հույսով ափերով մի բուռ ջուր շփեցի դեմքիս: Նայեցի հայելու մեջ: Արտացոլանքս առաջ եկավ ու մատներով շոշափեց մեռած աչքերի տակի կապտավուն հետքերն, ապա նորից հետ գնալով ինչ-որ հեգնական անիմաստ մի ժպիտի նման բան քաշեց երեսին ու շրջվեց, գնաց:
Նորից նայեցի ժամին ու հասկանալով որ կհասցնեմ անգամ նախաճաշել, որոշեցի ամսվա մեջ էս հազվադեպ պատահող հնարավորությունը բաց չթողնել: Գազօջախին սուրճը դրեցի ու մինչ այն կեփեր անցա խոհանոց՝ ուտելու թեթև մի բան գտնելու: Վերջի վերջո հաջողեցի ճարել միայն չորացած հացի մի կտոր: Բազմոցին փռված հացս կրծելով ամսագրերիցս մեկի վերջին համարներից մեկում գտած մի հոդված էի կլանված կարդում, երբ հիշեցի, որ գազին սուրճ ունեմ. ունեի:
«Ֆշշշ»։
- Գրո՛ղը քեզ տանի:
- Պիտի թեյ դնեիր:
- Շու՛տ ասեիր:
Ես իհարկե մեծ հաշվով ալարում եմ անգամ ապրել, բայց մաքրությունն անտեսել չեմ կարող: Դժգոհությամբ մաքրեցի թափված սուրճի հետքերն ու տանից դուրս եկա:
Համալսարանում առանձնապես ոչ մի դեպք ու խոսակցություն չեղավ, որ գրի առնեմ հետո վերհիշելու նպատակով. Ալլենը, օրվա ժամացուցակին համապատասխան նույն դասախոսությունները, ճաշարան, գրադարան ու դուրս եկա: Գրեթե չեմ էլ խոսել կարգին, միայն մի քանի «բարև», «հա», «չէ», «լավ», առանց որոնց ինձ հավանաբար խուլ կամ համր կհամարեին: Համալսարանից տուն ճանապարհին մտա խմբագրատուն, ժողովին ներկայացա, հետո տպագրատնից վերցրի էս ամսվա համարը (ամսագրերից մեկի, որտեղ հոդվածագիր եմ աշխատում): Ճշտեցի նաև, որ բարեբախտաբար մի քանի օրից էլ աշխատավարձս կնստի բանկային հաշվեհամարիս, կհասցնեմ ամսական վարձավճարը տալ ու ինձ բնակարանիցս դուրս չեն շպրտի: Էս ամիսն էլ ապրվեց:
Մտա տուն, կոշիկներս հանեցի, լվացվեցի ու միանգամից փռվեցի բազմոցին, բացեցի հետս բերած ամսագիրն ու սկսեցի կարդալ տպագրված հոդվածս. նորից: Սովորություն է։  Իհարկե էլի ես եմ գրել նույն հոդվածը, բայց ամեն անգամ պիտի նորից կարդամ՝ արդեն հաջորդ ամսվա համարում: Էն միակ հաճելի մանրուքներից է: Եվ էս սովորությանս արդյունքում արդեն մի գլուխ ամսագրեր, հանդեսներ ու թերթեր եմ հավաքել (ու շարունակում եմ), որոնք տեղ են գտել բնակարանիս տարբեր անկյուններում, իրար վրա կոկիկ շարված: Բացի սրանցից, որտեղ հենց իմ գրածներն են տպագրված, հավաքածուս լրացնում են նաև էնպիսիք, որոնցում ուղղակի ինչ-որ հաջող, հետաքրքիր նյութեր եմ գտել, օգտակար հոդվածներ, ��ատմություններ և այլն: Ինչևէ: Ամեն բան տեղն էր, ոչ մի սխալ, ոչ մի վրիպակ. «Հեղինակ՝ Սեմ Ուայթ»:
Ամսագիրը շպրտելով հատակին մեջքի վրա պառկեցի հայացքս ուղղելով առաստաղին: Սիրում եմ նայել տանս սպիտակ պատերին, հատկապես առաստաղին: Սիրում եմ սպիտակը: Պառկած ես նայում եմ իմ սպիտակին ու այն ինձ համակում է, ձգում, բարձրացնում ու պտտում օդում: Ես ներծծվում եմ սպիտակի մեջ: Սպիտակը ծխում է ու ես գունդ-գունդ կուլ եմ տալիս ծուխը: Ես զգում եմ սպիտակը:
«Դըմփ»․ ընկա բազմոցից։
- Ա՜խ, մե՛ջքս, գրո՛ղը տանի:
- Քի՛չ ուղեղդ անջատիր:
- Ա՜, դե գնա՛ է:
0 notes
semick · 8 years ago
Text
Քաղաքի ուրվականը կամ Մոռանալու մասին *հատված 1*
- Գիտե՞ս, ինչքա՜ն եմ սիրում քեզ, աղջի՛կ․․․․ Աղջիկը չշտապեց ինձ պատասխան տալ, մի պահ միայն վառ ժպտաց, հետո հանկարծ տեղից վեր կացավ, ծնկեց դիմացս, մի արմունկը հենեց ծնկիս ու դունչն ափի մեջ առավ: Լուռ նայեց ինձ աղվեսի խորամանկ հայացքով. ասես տեսահորիզոնում իր զոհին էր գտել ու պատրաստվում էր հարձակման: Վեր կացավ, մազերը հանգիստ հետ տարավ ու կռացավ դեպի ինձ. ես անշարժ մնացի տեղս նստած: Ձեռքը մազերիս մեջ խրելով հետ ձգեց գլուխս ու շուրթերով նրբորեն հպվեց վզիս: Սառը շունչը գծով հետք թողեց մաշկիս վրա, ապա մի մեղմ համբույրով վերջնական նշան տվեց. որսը հաջող է լինելու աղվեսի համար: Սրտիս առանց այդ էլ բնականից անկանոն աշխատանքը կտրուկ արագացավ, մարմնովս հաճելի սարսուռ անցավ ջերմության ա��իքից՝ արթնացնելով բնազդներս: Ձեռքերով պարուրեցի աղջկա բարակ իրանն ու զգեստից ավելի մոտ քաշեցի ինձ: Խոր շունչ քաշեցի, աչքերս փակեցի ու թարթիչներս այտերիս լցրին մի ծանր ալիք, որ ծորաց, բարձրացավ ու կարծրացավ քումքերիս վրա: Փորձելով մարսել ներշնչած օդը, ագահորեն ու արագ կուլ տվեցի քաղցր սարսուռն ու ցածր հևացի: Ծանր թուլություն զգացի: Հասավ շուրթերիս ու շուտով դրանց սեղմ հպման մեջ հաղթական մի ժպիտ զգացի: Հաջողեց․ զոհը հանձնվում է: Նա սահեց սառը, թաց շուրթերիս վրայով գեղասահորդի պես, տիրացավ դրանց: Մարմնական ու հոգեկան թեթև թուլությանս մեջ կորած, ինձ մի պահ թվաց թե համբույրներով աղջիկն իր կյանքը ներարկեց մեջս՝ մահացու թունավորեց: Նրա լեզուն նման էր թավշյա մետաքսի, որ բերանումս շոյում էր գիտակցությունս ու իմի հետ պար բռնած անջատում իրականից: Վաղուց էր հաղթել: Ես տրվում եմ…
0 notes