Text
03գիշեր,նորից
Այն ամենը, Ինչ չկա Դու ես։ Այն ամենը, Ինչ չունեմ, Դու ես։ Այն ամենը, Ինչ չի վերադառնա, Դու ես։ Ամենը, ինչի Մասին այլեւս չեմ խոսի, Ինչի մասին 60֊ականների Լավագույն բալլադներն են։ Դու այն ամենն ես, Որ միշտ մնում է հեռվում, Որ միշտ պատրաստ չէ վերադառնալու, Դու նա ես, Ումից սկսվում է ամեն ինչ։ Այն ամենը, Որտեղ բոլոր վերջաբաններն են։ Այն ամենը, Ինչի մասին գիշեր֊ցերեկ Խոսում են Քաղաքի բոլոր սրճարաններում, Դու նա ես, Ում մասին պատմում են պիեսները բոլոր Ու ներկայացումները՝ Կիսատ֊պռատ։ Այն ամենը, Որի մասին ես լռում եմ, Դու ես, Որովհետեւ քո մասին Արդեն վաղուց խոսել են, Որովհետեւ դու առաջին բառն էիր, Նախադասությունը, Հայացքը Եւ շարունակությունը։ Այն ամենը, Ինչ բացակա է ինձնից դու ես Եւ այն բոլորը, Որ ներկա է իմ մեջ Կրկին Դու։ Այս տխրությանը ես քո Անունն եմ տվել, Արտասանում եմ Քթիս տակ Եւ կարճ, Ասում եմ երկրորդ անգամ Եվ խնդրում եմ օգնես ինձ Շարունակվել, Ամեն։
9 notes
·
View notes
Text
Էտյուդ
Դու այստեղ նստած ես, Շատ մոտ, Անհնար մոտ, Իրական Այնքան, Որ Երեւի ձեռքս պարզեմ Ու մի կողմ տանեմ Գլխիդ վերեւում Կուտակված ամպերը Ու հաշվածս բոլոր աստղերը Ուղարկեմ քո երկինք։ Ամեն ինչ այնքան Պարզ է այս թղթի վրա, Որ կարող եմ Քեզ ունենալ Տողերի վրա Ու տողատակերում, Ու չմտածել։ Սեւով սպիտակի վրա Կարող եմ գրել, Որ ամեն ինչ կարգին է, Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, Որ ամեն ինչ լավ կլինի։ Թղթի վրա կարող եմ նկարել Երկու մարդ Իրար կողքի։ Ամեն ինչ այնքան Լավ ավարտ ունի Այս բանաստեղծությունում, Տարօրինակ է, Այսպես չպետք է լիներ։ 30,05, գիշեր
6 notes
·
View notes
Text
Թող երկար֊երկար շնչեմ քո մազերի բույրը, ամբողջ դեմքով սուզվեմ դրանց մեջ, իբրեւ մի ուժասպառ ճանապարհորդ, որ խոնարհվում է առվի ջրի վրա, եւ շոշափեմ նրանց բուրավետ ծածկոցի պես, որպեսզի օդում տարածվեն մեր հիշողությունները։ Եթե դու իմանայիր այն ամենի մասին ինչ տեսնում եմ, այն ամենի մասին, այն ամենի մասին, ինչ զգում եմ, ամենի մասին, ինչ ես լսում եմ քո վարսերում։ Իմ հոգին թափառում է բույրերի մեջ, ինչպես մնացածների հոգիները շրջում են երաժշտության մեջ։ Քո մազերում մարմնավորված երազանքն է, որ իր մեջ ներառում է առագաստներ եւ նավերի մասեր, անսահման֊անեզր ծով, որի քամիները քշում են ինձ այնպիսի վայրեր, ուր տարածությունն առավել կապույտ ու խորունկ է, ուր օդը բուրում է մրգերով, տերեւներով ու մարդու մարմնով։ Քո մազերի օվկիանոսում ես աղոտ նշմարում եմ հեռավոր մի քաղաք, որ լցված է տխրագույն մեղեդիներով, տարբեր ազգություն ունեցող մարդկանցով ու նավերով տարբեր չափերի, որոնք առանձնանում են իրենց ծանր ու աչքի ընկնող ուրվագծերով այն ընդարձակ երկնակամարում, ուր միշտ ամառ է։ Հպվելով մազերիդ, ես պարզ հիշում եմ այն ժամերը, երբ երկար֊երկար ընկղմված եմ եղել աշխարհի ամենաչքնաղ նավի նավախցի բազմոցում, փաթաթված ալիքներով։ Մազերիդ այրող ջերմությունը ինձ պարուրում է ծխախոտի օպիումի եւ արեւելյան քաղցրավենիքների թմրոցնող բույրերով, մազերիդ խավարում իմ առջեւ բացվում է անծայր լազուրի ցոլքը։ Թույլ տուր, խնդրում եմ, թույլ տուր ինձ երկա՜ր֊երկա՜ր համբուրել մազերդ։ Երբ ես զգում եմ այդ համը, ինձ թվում է, իբր, ես կուլ եմ տալիս մեր հիշողությունները։
Բոդլեր, թարգմանությունը՝ անահիտ
3 notes
·
View notes
Text
Թող ես լինեմ Սովորական, Չհասկացված, Չսիրված - Մեկ է։
Թող քեզ չգտնեմ այլեւս Քաղաքի ոչ մի պատի տակ, Ոչ մի մայթին թող չփնտրեմ Ոտնահետքերդ, Ոչ մի երգ չլսեմ Քո մասին հիշեցնող, Թող շարունակեմ քեզնից Այն կողմ տեսնել ինչ֊որ բան Աղոտ Հազիվ թե, Կիսով չափ֊ Կարեւոր չէ։
Թող անունդ այլեւս Տխրության նման չկախվի օդում Ու աղոթքի պես չմնա Մտքումս ասված, Թող քեզ սիրեմ Պարզ, Հասարակ, Բոլորի պես֊ Ինչ կարեւոր է։
Թող չդադարեմ մտքումս Խոսել հետդ, Որ գոնե ինչ֊որ տեղ Ինչ֊որ բան Կարգին լինի։
Թող ես պարզապես լինեմ Սովորական, Չհասկացված, Չսիրված - Մեկ է։
18, մայիս
4 notes
·
View notes
Text
Ես չեմ գրի քո մասին այլևս ոչ մի բանաստեղծություն՝ կարճ, երկար, ազատ, հանգավոր, սևով, կապույտով, մատիտով, որովհետև դու չսկսված չես շարունակվել իմ մեջ ու մնացել ես այդտեղ՝ ոչ առաջ գալով, ոչ գնալով ետ: Ինձ այլևս ոչ ոք չի բռնի մտքի վրա՝ քո նման, քո գույն, քո մասին, քո պես: Քեզ չի հիշեցնելու ոչ մի ֆիլմ, փողոց, գիրք, նշան ու մականուն: Ես գուցե մոռանամ աղոթել քեզ համար ու քեզ: Երևի կրճատեմ, անվանդ դիմաց գիծ դնեմ՝ ու քեզ տեղավորեմ «մոռացում» բառի իմացածս ու չիմացածս բոլոր թարգմանություններում, որովհետև դու ի սկզբանե միայն բառ էիր, բանաստեղծություն ու վերջ: Երևի քեզ թողնեմ փակագծերում ու ծրարներում նամակներիս ու հազար լեզվով ասեմ հաջողություն՝ առանց ցտեսության իմաստի: Գուցե վերջակետ դնեմ՝ թողնելով քեզ այստեղ անվարտ, թանաքոտ, առանց հետգրության՝ քեզ հետ, քեզանով, քեզ համար, ու գուցե՝ հանուն քեզ:
6 notes
·
View notes
Text
Հրաժեշտի համար ժամանակ չունեմ, ներիր: Այլևս նամակ չեմ գրում ու ապրում եմ շաբաթվա կենտ օրերի համար: Գրիչ վերցնելու ժամանակ չունեմ ու բառերը կանգնել են կոկորդիս, որովհետև մոտ մեկը չկա ով կլսի պարզապես՝ քայլի մեջ, փողոցն անցնելիս, տուն բարձրանալիս, որովհետև ես նամակ գրելու թուղթ չեմ գտնում, որովհետև իմ քաղաքում գեղեցիկ ծրարներ չկան, որովհետև գրելիս դարձյալ պիտի լռեմ, եթե նույնիսկ ինձ բարձրաձայն կարդաս: Ոչ մի բառ կուլ չի գնում, ինչ արած, Ու ես դարձյալ հատում եմ փողոցները՝ Տանելով չպատմած պատմություններ, հաշվելով ասֆալտին թափված քարերը, հաշտվելով լռելու հետ: Ես սովորել եմ այս քաղաքի անիրական թախիծին ու հասկացել եմ, որ բոլորս այստեղ անհասցե նամակներ ենք՝ տարբեր նամականիշերով ու ձեռագրերով՝ մեկս մեկից չկարդացված, մեկս մեկից խզբզանք: Ես քնում ու արթնանում եմ այս տառերի մեջ տարվա բոլոր եղանակներին, երկուշաբթի, հինգշաբթի ու կիրակի օրերին, երբ վառվում են փողոցի լապտերները, երբ անհնար է դառնում սուս ու փուս ապրել, երբ քաշվում ենք ծածկոցի տակ ու նոր տող ավելացնում՝ լուռ, անխոս, առանց ինչ-որ շշուկի: Հրաժեշտի ժամանակ ունեմ, բայց բառերը կորչում են դեռ չասված. դրսում անձրևն աղմկում է բոլորիս փոխարեն:
5 notes
·
View notes
Text
Եվ օրացույցային գարուն է եկել
այս ներանձնական անձրևների
ու փոթորիկների մեջ
այս սովորական աշնանային
օրով:
Ասում են:
4 notes
·
View notes
Text
և չկա ավելի վատ բան, քան ուշ լինելը

Մի ֆիլմում ասվում է. «հանդիպում ես մարդուն, բայց արդեն ուշ է լինում»: Ֆիլմեր կան, որ ոտքից գլուխ կյանքն են՝ մեկ-մեկ ահավոր մենակ, աննորմալ մենակ: Ու հետն էլ Թիֆլիսում, որտեղ երբեք չեմ եղել, բայց որը ամենագունավոր քաղաքներից մեկն եմ համարել: Փաստորեն գույները մարդուց են գալիս: Ու եթե մենակ ես, քո մոխրագույնը դոմինանտ է: Կներես:
Թիֆլիսում ու աշխարհի բոլոր սիրուն ու սիրելի քաղաքներում տխուր մարդիկ կան, ովքեր չեն գտել ինչ-որ մեկին/ինչ-որ բան կամ գտել ու կորցրել են, կամ էլ հեռվից են նայել, որովհետև մեկ-մեկ հեշտը հեռվից նայելն է:
Էնքան ծանր էր, չեք պատկերացնի: Հոգիս դուրս եկավ էնքան ափսոսանք կար, որ հիմականում ոչ թե երեկ չարածի, այլ վաղը չանելու համար էր:
-Ե՞րբ եք գնում: -Վաղը: -Ափսոս...կքայլեինք:
Սովորաբար էս ամենահասարակ խոսակցություններն են, որ հետո մի երկու երգի հետ հոգիդ հանում են ու հանգիստ չեն տալիս: Բայց երևի մարդկանց/մեր մեղքը չէ, որ մենակություն կա: Երևի սխալ ժամանակ - սխալ տեղում-ն է գործում: Իսկ ճիշտ ժամանակ-ճիշտ տեղում-ի համար այլևս ոչինչ չկա:
Թիֆլիսը ինչքան կոլորիտային էր: Մարմնագույն շենքերն ու հյուրանոցի կապույտ պատերով համարները: Ամենուր դեղին էր, հույս ունեմ՝ ատելության սիմվոլը չէր: Ես, ամեն դեպքում, ուրիշ բան կմտածեմ:
6 notes
·
View notes
Text
Որոշ ժամանակ առաջ ես ծառ եմ եղել: Հասկացիր ինչպես ուզում ես:
3 notes
·
View notes
Text
երկրորդ
Այս էլ հերթական
անգամ
գրում եմ նրա մասին,
ով երևի
մենակ է,
որովհետև
բազմոցը հեռու է քաշել
մտքիցս
ու
գուցե
մոռացել գոյությանս մասին:
Հերթական անգամ
շարունակում եմ նրա մասին,
ով
չեմ էլ իմանա՝
ինչ է անում
սովորական երեկոներին,
որ փողոցներով է
սիրում քայլել,
որ քաղաքի մասին է երազում,
թեյն ինչպես է խմում:
Այս էլ որերորդ անգամ
ես անավարտ եմ թողնում
նրան,
ով ինձ
չի էլ սկսել:
9 notes
·
View notes
Text
որքան փոթորիկների, ջրհեղեղների, անձրևների միջով եմ անցել մինչև քեզ հանդիպելը, որ, ինչպես աս��ցին, գնացել էիր՝ անցնելու փոթորիկների, ջրհեղեղների, անձրևների միջով, որ միասին թեյ խմենք՝ խառնելով շաքարավազը ծովերին, ծովերը՝ անձրևաջրին, հեռավորությունը կրճատենք այտերից դեպի առաստաղ գոլորշիացող արցունքներով, տիեզերքը հարմար երկտակենք ու մեր թրջված հագուստները չորացնենք եռացող երկնաքարերին, խոսենք ամեն ինչի մասին բացի սիրուց, բարձր մտածենք անկարելիների մասին ու դեն շպրենք ածանցները, որ ձեռքի տակ եղած բառարաններից ջնջենք «վերջ»-ի անպետք տարբերակները, պառկենք գորգին ու մտածենք, որ սերը մեր միակ դավանանքն է:
Հասկականք, որ դրսում ծովը մեր բանաստեղծականությունից է ալեկոծվել, ու ամպերը վերևում մեր մասին ձգվող վեճն անձրև են դարձրել, և որ ամենաիրական փոթորիկները մարդկանց մեջ են տեղի ունենում:
դռան թակոց: երկրորդը: երրորդը:
02/գիշեր/01
3 notes
·
View notes
Text
մինչև դու կլինես, բոլոր օվկիանոսները կտեղավորվեն թեյիս բաժակում, ու բոլոր ծխախոտները ավարտված կլինեն մատներիդ արանքում: մինչև դու կհասնես բոլոր գնացքները ուղիներ կունենան դեպի մարս, յուպիտեր, նեպտուն, իսկ դու կգաս ոտքով, շնչակտուր. մեր միջև պարզապես մի քանի քաղաք է եւ մի քանի ժամ հիշողություն: մինչև դու կհասկանաս, որ լինելիությունդ ինչ-որ մեկի ուղեղում չգոյ ճակատագրի խաղ է կամ անկանխելի պատահականություն, ես կփորձեմ օվկիանոսները տեղավորել բաժակում, քեզ՝ տողերի երեսին, վառել մի վերջին ծխախոտ, գրկել բոլոր չգրկած անգամների փոխարեն: մինչև Երկրի՝ մեզ համար անձուկ ու նեղլիկ դառնալը երկու գնացքի տոմս ու մի մոտիկ կանգառ: մինչև դու կգաս ես կշարունակեմ զգալ օդում վաղուց կորած օծանելիքիդ բույրը ու չեմ կարողանա առանց թեյը թափելու՝ լցնել բաժակս:
03/04 (գիշեր).12
7 notes
·
View notes
Text
Լսել եմ,
որ ուզում ես թղթե նավակ դառնալ
ու հոսանքին հակառակ գնալ
(ինչպես միշտ),
հետո էլ՝ խարիսխ չունենալ:
Լսել եմ,
որ ոչ ոքի հետդ (բացի երազանքներից)
չես վերցնելու
և որ որոնելու ես
ծանոթ այսբերգը:
Լսել եմ,
որ միշտ մի բան
պակասում է,
դրա համար
անավարտ ես մնում,
և որ միշտ մեկը ավելանում է,
դրա համար անհնար ես դառնում:
Լսել եմ, որ այսբերգին
բախվելիս
փրկարարները միշտ
ուշանում են:
Ուրեմն երևի
մի տեղ
օվկիանոսի հատակին
ինձ հանդիպես,
որ հայտնվեցի այդտեղ,
երբ որոշեցի
թղթե ինքնաթիռ
դառնալ:
30.11
7 notes
·
View notes
Text
պատահական հանդիպումներ
պատահական ձեռքսեղմումներ
պատահական հրաժետներ
պատահական կյանք
30.11
4 notes
·
View notes
Text
ու մենք դժվար թե
պայքարի կետ ունենանք
սրտի անհամաչափ զարկերի դեմ,
երբ ինչ-որ պատի տակից,
անծանոթ ձայների
խառնաղմուկից
պոկվեն
ու
ներդաշնակությունը գրողի ծոցն ուղարկեն
մեր ամենասիրելիների անունները:
քաղաքի բոլոր
պատատակերը,
հեռախոսները,
լուսամուտները
ամոթից կարմրատակում են
(եւ կամ հիվանդության հասնող մեղավորությունից),
քանի որ քայլերս դադաղեցնում եմ,
և քանի որ խոսքը քո մասին չէ:
30.11
3 notes
·
View notes
Text
***
Ես տատանվում եմ քո և նրա, ռոքի ու ջազի, սիրելու ու չսիրելու, լրագրության ու քաղաքականության, հավատալու ու չհավատալու, բանաստեղծության ու էսսեի, գնալու ու մնալու, վերջակետի ու բազմակետի, շարունակվելու ու ընդհատվելու, բնագրի ու լավ թարգմանության, նորից քո և նրա, գրիչի ու ստեղնաշարի, գրելու ու լռելու, ռեալիզմի ու ռոմանտիզմի, ներելու ու ներել խնդրելու, կարոտի ու կախվածության, փոխելու ու փոխվելու, ես տատանվում եմ նրա և քո, մոտիկության ու հեռավորության, շրջվելու ու ուղիղ նայելու, լինելու և մենակության, նստած մնալու ու կանգնելու, կապույտի ու սպիտակի, հոգնելու ու հոգնելու, Բրելի ու Մոլկոյի միջև: Ես կշեռք եմ ոչ թե համաստեղության, այլ կյանքի բերումով:
3 notes
·
View notes
Text
փազլ
Իմ բոլոր նախորդ կյանքերում
ես փնտրել եմ քեզ,
երբ եղել եմ
առաջին հոմո սափիենսը,
ծառ,
ծովի ավազ,
Ասորեստանի արքայադուստրը,
Բաբելոնյան աշտարակը,
Հեթանոս աստվածություն,
երբ եղել եմ
զոհ,
հետո՝ զոհասեղան,
կրակապաշտ,
քրիստոնյա,
ագնոստիկ
ու աթեիստ,
երբ սուրճ եմ խմել Կանտի հետ,
ես հոլանդական դաշտերի
արևածաղիկներից էի,
ու Հեմինգուեյի կատուներից մեկը,
ես հիմնադրել եմ
Երրորդ ռեյխը,
ծրագրել Թեհրանի
մահափորձը,
սկսել Բեռլինի պատի
կառուցումը,
ներկա գտնվել Բիթլզի համերգին,
Կրակել Ջոն Լենոնի վրա,
ես եղել եմ այն գետը,
որտեղ խեղդվեց Բաքլին,
Ես Մերկուրիի
դաշնամուրն էի.
բոլոր կյանքերից
ես հավաքել եմ քեզ
ու հասցրել իմ օրեր.
ես մաս առ մաս գտել եմ քեզ
նախորդ կյանքերիցս,
երբ դու դեռ քարանձավաբնակ էիր,
կանաչավուն տերև,
ծով,
Մարաստանի թագավոր,
նորաստեղծ լեզու,
գերագույն աստվածություն,
երբ քեզ տաճարներ են նվիրել
ու մատուցել զոհեր,
երբ դու եղել ես մոգ,
բուդդայական,
աստվածամերժ
ու բողոքական,
երբ թեյ ես պատրաստել Նիցշեի հիվանդասենյակում,
երբ դու Վան Գոգն էիր,
Հեմինգուեյի զինակիցը,
որ հերթով գրկել է նրա կատուներին,
դու կապիտալիզմի սկիզբն ես,
համակենտրոնացման ճամբարի հրեաներից,
դու մեկն ես Բեռլինի պատի քանդողներից,
իմ ձեռքի ատրճանակը,
Ջեֆֆ Բաքլին,
Ֆրեդի Մերկուրիի մատները.
մենք կտոր-կտոր հավաքվել
ու հասել ենք այսօրին:
չգիտեմ՝
գտե՞լ ենք իրար,
թե պակասող կտորներից ենք:
10 notes
·
View notes